Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
17 Հոկտեմբեր
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ․ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում ամփոփում են հոկտեմբերի 14-16-ը մասնագիտական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգիայի և դիաբետոլոգիայի բաժանմունքի ղեկավար Ելենա Լունդբերգի մասնագիտական այցն ու այցի շրջանակում կայացած՝ «Աճից մինչև սեռահասունացում․ մանկական էնդոկրին համակարգի խանգարումների վարման ժամանակակից մոտեցումները» թեմայով ՇՄԶ-կրեդիտավորված գիտաժողովը՝ նախատեսված մանկաբույժների, մանկական և մեծահասակների էնդոկրինոլոգների համար։


«Ուիգմոր»-ից տեղեկացնում են, որ մասնագիտական այցի և գիտաժողովի էական նպատակն էր Հայաստանում խթանել մանկական էնդոկրինոլոգիայի ոլորտում միջազգային փորձի փոխանակումը, մասնագիտական համայնքում ապահովել նորագույն տեխնոլոգիաների կիրառումն, ապացուցահեն բժշկության հիման վրա շարունակական որակի զարգացումն ու լավագույն մոտեցումների տեղայնացումը հայկական բժշկական միջավայրում։ 


Առանձնահատուկ ուշադրության կենտրում էր մանկական շաքարային դիաբետի ժամանակակից բուժման մեթոդները, մասնավորապես՝ ինսուլինային պոմպերի տեխնոլոգիան, որն արդեն երկար տարիներ լայնորեն կիրառվում է Շվեդիայում և մի շարք եվրոպական երկրներում, սակայն Հայաստանում դեռ լայն տարածում չունի։ 


«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» այս ուղղությամբ հանդես է գալիս որպես նորարարական մոտեցումների ներդրող, նպատակ ունենալով Հայաստանի երեխաների համար հասանելի դարձնել ինսուլինային պոմպերի կիրառման փորձը և բարելավել նրանց կյանքի որակը՝ վերահսկվող և ճշգրիտ ինսուլինոթերապիայի միջոցով։


Ըստ ՄԱԿ-ի, IDF (Diabetes Atlas, 2021) և ISPAD (Clinical Practice Consensus Guidelines, 2023) տվյալների՝ աշխարհում ավելի քան 1.52 միլիոն երեխա և դեռահաս (0-19 տ.) ապրում է առաջին տիպի շաքարային դիաբետով։ Վերջին տասնամյակում հիվանդացության տարեկան աճը կազմում է միջինը 3 տոկոս։ Ըստ պաշտոնական տվյալների ՀՀ֊ում ներկայումս շուրջ 900 երեխա ունի շաքարային դիաբետ։


Զարգացած երկրներում երեխաների մեծ մասը ստանում է ինսուլինոթերապիա պոմպային համակարգերի միջոցով։ Այս մոտեցումը նվազեցնում է հիպոգլիկեմիաների ռիսկը, բարելավում գլյուկոզայի վերահսկումը և զգալիորեն բարձրացնում երեխայի և ընտանիքի կյանքի որակը։


«Մեր նպատակն է շարունակաբար ապահովել բժշկական ծառայությունների բարձր որակը՝ հիմնվելով ապացուցահեն բժշկության և աշխարհի առաջատար փորձի վրա։ Դր Լունդբերիգ այցը մեզ հնարավորություն տվեց ոչ միայն դիտարկել մանկական էնդոկրին խանգարումների բուժման ժամանակակից մոտեցումները, այլև հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք Հայաստանում զարգացնել ինսուլինային պոմպերի տեխնոլոգիան՝ դարձնելով այն հասանելի մեր փոքրիկ բուժառուների համար», - նշում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի էնդոկրինոլոգիական ծառայության պատասխանատու Լուսինե Քալանթարյանը։

Ըստ մասնագետի հիվանդանոցը չի կարող ունենալ ապագա, եթե այստեղ չեն իրականացվում կրթական ծրագրեր և կայացած գիտաժողովը լավագույն ձևաչափերից մեկն է, որով գիտելիքն ու նորարարությունը տեղափոխվում են կրթական հարթակ։


«Յուրաքանչյուր միջազգային այց և համագործակցություն մեզ հնարավորություն են տալիս շարունակաբար բարձրացնել մեր բուժառուների բուժման որակը, ինչպես նաև լինել մեր երկրում առաջինը՝ մանկական դիաբետի բուժման նորարարական լուծումների ներդրման գործում», - ընդգծում է Լ․Քալանթարյանը։


«Աճից մինչև սեռահասունացում․ մանկական էնդոկրին համակարգի խանգարումների վարման ժամանակակից մոտեցումները» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողովի ընթացքում քննարկվեցին մանկական էնդոկրին խանգարումների ժամանակակից ախտորոշման, բուժման և մոնիթորինգի ուղեցույցները, ներկայացվեցին Շվեդիայի առողջապահական ոլորտի փորձի մի շարք գործնական օրինակներ, ինչպես նաև Շվեդիայի և Հայաստանի մասնագետների համատեղ աշխատանքից բխող դիտարկումներ։


«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այցելել Ուիգմոր և կիսել Շվեդիայի փորձը՝ մանկական էնդոկրին հիվանդությունների ախտորոշման և բուժման ոլորտում», - նշում է Ումեո համալսարանական հիվանդանոցի (Շվեդիա) մանկական էնդոկրինոլոգիայի և դիաբետոլոգիայի բաժանմունքի ղեկավար Ելենա Լունդբերգը։

«Գիտելիքի փոխանակումը յուրաքանչյուր ոլորտի զարգացման առանցքային պայմանն է։ Աշխարհի լավագույն փորձի տեղայնացումն ու հարմարեցումը տեղական իրականությանը հնարավորություն է տալիս ապահովել կայուն և որակյալ բժշկական խնամք երեխաների համար։ Հայաստանում տեսնում եմ մեծ ներուժ և նվիրված թիմ, որը պատրաստ է ներդնել միջազգային նորարարությունները մանկական էնդոկրին խնդիրերի բուժման գործում», - հավելում է մասնագետը։


Ընհանուր այցի շրջանակում իրականացվել են նաև համատեղ խորհրդատվություններ և մասնագիտական քննարկումներ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի էնդոկրինոլոգիական թիմի հետ։

***

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը Երևանում տեղակայված 220 մահճակալով բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է, որը տրամադրում է կանանց և երեխաների առողջությանը նվիրված ծառայությունների ամբողջական շարքը։ Հիվանդանոցն արժանացել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված մանկական խնամքի երրորդ՝ բարձրագույն մակարդակի, իսկ իր կրթական և գործընկերային նախաձեռնություններով նպաստում է առողջապահության համակարգի շարունակական զարգացմանը Հայաստանում։