Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց

Նորություններ

22 Օգոստոս
Valley Children’s Healthcare-ի պատվիրակությունը սեպտեմբերին կայցելի Հայաստան․ տեղի կունենա «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի հետ համագործակցության հուշագրի երկրորդ փուլի ստորագրումը
ԵՐԵՎԱՆ — 2025թ. Սեպտեմբերի 1-ից 12-ը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը կհյուրընկալի իր գործընկեր, ԱՄՆ առաջատար մանկական բուժհաստատության՝ Valley Children’s Healthcare-ի մասնագիտական պատվիրակության երրորդ այցելությունը Հայաստան։Պաշտոնական այցը ղեկավարում են Valley Children’s Healthcare-ի Առողջապահության և Հիվանդանոցի կառավարման հանձնաժողովների նախագահներ Մայքլ Հենսընը և Հոզե Էլգոռիագան։ Պատվիրակության կազմում են մանկաբուժական ոլորտի առաջատար մասնագետներ և առողջապահության կազմակերպիչներ։Մասնագիտական հերթական այս այցն իրականացվում է Valley Children’s Healthcare-ի և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի միջև 2023թ․-ին կնքված գործընկերության շրջանակում՝ նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել մանկական առողջապահությունը՝ բժշկական փորձի փոխանակման և շարունակական մասնագիտական կրթության միջոցով։ Այցի շրջանակում կկայանա հիվանդանոցների միջև համագործակցության հուշագրի երկրորդ փուլի ստորագրման պաշտոնական արարողությունը։ «Այս համագործակցությունը մեզ համար կարևոր է՝ Հայաստանում մանկական առողջապահության ոլորտում նոր, համակարգային զարգացումներ բերելու համար: Հիմնվելով հաջողված փորձի և արդյունքների վրա՝ մենք համագործակցության Երկրորդ փուլն ենք միասին կառուցում՝ խորացնելով թիրախային ուղղությունների զարգացումը՝ Հայաստանում լավագույն փորձը ներդնելու ճանապարհով», — նշում է «Ուիգմոր» հիվանդանոցի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը։  Այցի շրջանակում սեպտեմբերի 6-ին տեղի կունենա «Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» թեմայով ՇՄԶ կրեդիտավորված մանկաբուժական գիտաժողովը, որտեղ դասախոսություններ կկարդան ԱՄՆ մասնագետները։ Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի մանկաբուժական համայնքի մեծ թվով մասնակիցներ ՀՀ մարզերից և Երևանից։«Հայաստանի մանկաբուժական համայնքը հնարավորություն է ստանում շփվելու, քննարկելու և արտասահմանյան գործընկերների հետ կիսվելու փորձով։ Այս այցը և դրա շրջանակում նախատեսված գիտաժողովը այն հարթակն են, որտեղ մասնագետները միավորվում են՝ շարունակաբար կրթվելու, միմյանցից սովորելու և միասին զարգացնելու մանկաբուժության ոլորտը», — ասում է «Ուիգմոր» հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն, բ.գ.թ. Հրաչուհի Ղազարյանը։ Համագործակցության հուշագրի ստորագրումից ի վեր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ից արդեն հինգ մասնագիտական խումբ է մեկնել ԱՄՆ վերապատրաստման։ *** Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը Երևանում տեղակայված, 220 մահճակալ կարողությամբ հագեցած բժշկական կենտրոն է, որի աշխատանքի հիմքում երեխաներին և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։ ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն մակարդակի: Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտական մանկական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջությանն ուղղված և ծննդօգնության ծառայություններ: Ուիգմորի առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտի համակարգային բարեփոխմանը՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք։*** Valley Children’s Healthcare ԱՄՆ կենտրոնական Կալիֆորնիայի մանկական առողջապահական բարձրորակ և համապարփակ խնամքի ծառայությունների մատակարար է։ Հիվանդանոցն ապահովում է մասնագիտացված թերապևտիկ և վիրաբուժական ծառայություններ, ունի 358 մահճակալ կարողություն: Valley Children’s Healthcare-ն իր տարածաշրջանի առաջին բուժ. հաստատությունն է, որ ստացել է Magnet Nursing՝ ԱՄՆ- ի ամենաբարձր բուժքույրական հենանիշը։ 2023թ. Valley Children’s-ը ԱՄՆ-ի խոշորագույն՝ U.S. News and World Report մեդիա ընկերության կողմից հերթական անգամ ճանաչվել է որպես երկրի լավագույն մանկական հիվանդանոցներից մեկը՝ մանկաբուժական յոթ մասնագիտություններով: Իր 3500 աշխատակիցներով Valley Children’s-ը բարձրորակ, համապարփակ բուժօգնություն է տրամադրում կենտրոնական Կալիֆորնիայի ավելի քան 1,3 միլիոն երեխաների։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ:
21 Օգոստոս
Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողով / օրակարգ
«Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողովին ընդառաջ ներկայացնում ենք միջոցառման օրակարգը։ Դասախոսություններ կկարդան ԱՄՆ հեղինակավոր Valley Children's healthcare մանկական հիվանդանոցի բժիշկները։ Գիտաժողովի լեզուն՝ անգլերեն, հայերենի համաժամանակյա թարգմանությամբ։ Գիտաժողովի մանրամասների և գրանցման հղումն այստեղ։
19 Օգոստոս
Առաջին օգնություն ջրահեղձության ժամանակ
Ամառը ոչ միայն ջրում լողալու ու զովանալու, այլև մեծ պատասխանատվության սեզոն է․ մեր փոքրիկներին ջրահեղձությունից պաշտպանելու կարևորության մասին Հ1-ի եթերում խոսում են Ուիգմորի բժիշկները։• Երեխաներին երբեք մի՛ թողեք ջրում կամ ջրի մոտ առանց հսկողության, նույնիսկ մի քանի վայրկյանով։ • Լողացեք միայն վերահսկվող և հատուկ նախատեսված վայրերում։ • Լողի ընթացքում միշտ եղեք փոքրիկի կողքին՝ մեկ ձեռքի հեռավորության վրա։ • Տիրապետեք սրտի-թոքային վերակենդանացման (CPR) և առաջին օգնության հիմնական քայլերին։ • Նախքան ջուր մտնելը համոզվեք, որ տեղյակ եք ջրի խորությունից և հոսանքից։
19 Օգոստոս
Valley Children’s Healthcare-ի երրորդ մասնագիտական այցը՝ Ուիգմոր
Valley Children’s Healthcare-ի երրորդ մասնագիտական այցը՝ Ուիգմոր Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ սեպտեմբերի 1-12-ը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում հյուրընկալելու ենք մեր գործընկեր, ԱՄՆ-ում ճանաչված լավագույն մանկական բուժհաստատություններից մեկի՝ Valley Children’s Healthcare-ի երրորդ մասնագիտական այցը։ Այցի շրջանակում պատվիրակության բժիշկները Ուիգմորի բուժանձնակազմի հետ միասին կաշխատեն համապատասխան բաժանմունքներում՝ փորձի ու գիտելիքի փոխանակում և բուժառուների համատեղ բուժօգնություն կազմակերպելով: Պատվիրակության կազմում են՝ Քերըն Դալը, բժշկական հարցերով փոխնախագահ, Սեզար Սանթոսը, մանկական նյարդաբանության ղեկավար, Փոլ Լեբբին, նյարդահոգեբանության ղեկավար, Ջուլիաննա Սահուրիան, մանկական անհետաձգելի բուժօգնության բժիշկ, Լորի Գրասսմայերը, շնչառական թերապիայի ծառայության ղեկավար, Ռոբ Սարոյանը, Valley Children’s Healthcare հիմնադրամի նախագահ: Մասնագիտական այցի կարևոր մաս է կազմում նաև ակտիվ կրթական օրակարգը․ այս տարի հատկանշական է ՇՄԶ կրեդիտավորված մանկաբուժական գիտաժողովը՝ «Կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը», որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին ԱՄՆ գործընկերների ներկայացմամբ։ Valley Children’s Healthcare-ի և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի համագործակցությունը սկսվել է 2023 թվականին, երկկողմ հուշագրի ստորագրմամբ՝ ուղղված Հայաստանում մանկաբուժական առողջապահության զարգացմանը: Համագործակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
15 Օգոստոս
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը («Ուիգմոր գրուփ» ՓԲԸ) ընդգրկվել է պետության կողմից ֆինանսավորվող կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկում:Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտության թիրախային խմբերն են` 1) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված 45-68 տարեկան կանայք։ 2) սոցիալական փաթեթի շահառու 45-68 տարեկան կանայք: Թիրախային խմբերում ընդգրկված կանանց համար սքրինինգային մամոգրաֆիա անցնելու բացառություններ են համարվում․ 1) Հղիությունը և կրծքով կերակրող կանայք։ 2) 12 ամսից պակաս ժամանակահատվածում ախտորոշիչ մամոգրաֆիա անցած կանայք։ 3) Կրծքագեղձի քաղցկեղի որոշակի սիմպտոմներով, կամ ակնհայտ նշաններով կանայք (ցուցված է ախտորոշիչ մամոգրաֆիա)։ 4) Ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղով կանայք, որոնց բուժումից չի անցել առնվազն 5 տարի:
13 Օգոստոս
Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողով
Սեպտեմբերի 6-ին տեղի կունենա «Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողովը։  Հանդիպմանը դասախոսություններ կկարդան ԱՄՆ հեղինակավոր Valley Children's healthcare մանկական հիվանդանոցի բժիշկները։Կներկայացվեն հետևյալ իրավիճակային խնդիրները՝ Ցնցումներ և մանկական էպիլեպսիա,Ուղեղի ցնցման և գլխի թեթև վնասվածքների կլինիկական վարումը մանկաբույժի կողմից,Մանկական թունավորումներ․ հայտնաբերում և կլինիկական վարում,Ինհալացիոն թերապիա մանկաբուժությունում․ ցուցումներ, սարքեր և կիրառման տեխնիկա,Հակաբիոտիկների արդյունավետ կիրառումը առաջնային օղակում․ առավել հաճախ հանդիպող վարակների դեպքում կիրառվող մոտեցումները։ Դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։ Գիտաժողովը տեղի կունենա «Դաունթաուն» սրահում (հասցե՝ Ադմիրալ Իսակովի փ․11)։ Գիտաժողովի լեզուն՝ անգլերեն, հայերենի համաժամանակյա թարգմանությամբ։ Մասնակցելու համար հարկ է նախապես գրանցվել կից հղումով։
08 Օգոստոս
ՈՒՐՈԴԻՆԱՄԻԿ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Ուրոդինամիկան հետազոտությունների համախումբ է, որը հնարավորություն է տալիս գնահատել միզապարկի ֆունկցիոնալ վիճակը։ Ցիստոմետրիան հիմնական հետազոտությունն է, որի միջոցով հնարավոր է գնահատել միզապարկի՝ հավաքված մեզը պահելու և արտամղելու կարողությունը։ Հետազոտության միջոցով կարելի է պարզել անմիզապահության առկայությունը կամ միզապարկի ոչ լիարժեք դատարկումը։ Ուրոդինամիկ հետազոտությունը կատարվում է, երբ կան միզարձակման հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ անմիզապահություն։ Անմիզապահությունը կարող է անհանգստացնել ցանկացած տարիքի կնոջ․ երիտասարդների մոտ այն դիտվում է հղիությունից, ծննդաբերությունից հետո, իսկ հասուն տարիքի կանանց շրջանում խնդիրն առաջանում կամ բարդանում է դաշտանադադարի շրջանում։ Հիմնական գանգատները` • հազալիս, փռշտալիս, ծիծաղելիս, թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում դիտվող անմիզապահություն,• դժվարամիզություն, • գիշերները միզելու ցանկություն, • հաճախամիզություն կամ անմիզապահություն միզելու անզուսպ ցանկության դեպքում, • միզուղիների կրկնվող բորբոքումներ։ Հետազոտության միջոցով ախտորոշվում է խնդրի առկայությունը և նշանակվում է համապատասխան բուժում։ Անմիզապահություն ունեցող ոչ բոլոր կանայք ունեն ուրոդինամիկ հետազոտության կարիք։ Եթե դեղորայքային բուժումը, հեղուկների քանակի քչացումը և կոնքի մկանների մարզման վարժություններն արդյունավետ չեն, ապա պետք է կատարել ուրոդինամիկա։ Հետազոտությունից առաջ հատուկ սննդակարգ պահպանելու կամ սոված ներկայանալու կարիք չկա։ Միզապարկը պետք է դատարկել հետազոտությունից 1 ժամ առաջ։                • Առաջին հատվածը ուրոֆլոումետրիան է, որի ընթացքում կինը միզում է հատուկ տարայի մեջ։ Այդ ընթացքում սարքը գնահատում է, թե արդյո՞ք միզելու ընթացքում միզապարկը լիարժեք դատարկվում է, միզարձակումը ընդհատումներով է, թե՞ անընդհատ:                • Երկրորդը ցիստոմետրիան է, որի ընթացքում տեղադրվում են երկու տարբեր կաթետերներ, մեկը՝ միզապարկում, մյուսը՝ հեշտոցում (եթե արտահայտված իջեցումներ չկան)։ Արտահայտված իջեցումների դեպքում կաթետերը դրվում է հետանցքում. նպատակը ներմիզապարկային և ներորովայնային ճնշումների ապահովումն է։                                                                                                                             Գործողության ավարտից հետո՝ կաթետերները դրված վիճակում, կինը կրկին միզում է չափիչ տարայի մեջ, ապա կաթետերները հանվում են։ Հետազոտությունը տևում է մոտ 30 րոպե, անցավ է և կատարվում է առանց ցավազրկման։ Կինը կարող է միայն որոշակի անհանգստություն ունենալ։ Հետազոտության պատասխանը պատրաստ է լինում նույն պահին, հետևաբար բժիշկը կարող է դրա հիման վրա անմիջապես բուժում նշանակել։ Հետազոտությունից հետո մեկ-երկու օր կինը կարող է միզելիս որոշ անհանգտություն ունենալ։ Բակտերիաների ներթափանցումը կանխելու նպատակով հետազոտությանը հաջորդող 2 օրերի ընթացքում պետք է մեծացնել ընդունվող հեղուկի քանակը։ Շարունակվող գանգատների դեպքում պետք է դիմել բժշկի։ Անգամ խիստ ստերիլ պայմաններում իրականացված հետազոտության դեպքում կարող է միզուղիների բորբոքում առաջանալ։ Նման դեպքերում բժիշկը կարող է միզուղիների բորբոքման բուժում նշանակել։ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ուրոգինեկոլոգիական և գինեկոլոգիական ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ։
07 Օգոստոս
ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Նորածնին կրծքով կերակրեք ըստ պահանջի, սովորաբար 2-3 ժամը մեկ, թե՛ գիշերը, թե՛ ցերեկը։Կերակրման հաճախականությունը տատանվում է․ փոքրիկն օրվա ընթացքում կարող է 8-12 անգամ կուրծք ուտել։ Կարիք չկա սպասել, որ փոքրիկը լացով ուտել պահանջի։ Կան սովի դրսևորման այլ, անուղղակի նշաններ․ օր․՝ սոված երեխան ձեռքերը բերանն է տանում, բերանով և լեզվով ծծելու շարժումներ է անում, ասես կուրծք է ուտում։ Ճիչը և լացը սնունդ պահանջելու վերջին, հուսահատ ճիգերն են։ Դրանք կարող են ավարտվել կրծքից հրաժարվելով՝ «խռովելով»։ Յուրաքանչյուր կերակրման տևողությունը պետք է 15-20 րոպեից ոչ պակաս լինի, որպեսզի երեխան կարողանա ստանալ կրծքի կաթի առավել յուղոտ, հետին կաթը և հագենա։ Թույլ տվեք, որ երեխան ինքն ավարտի կերակրումը։ Երբեմն նա կուրծքը թողնում է, մի փոքր հանգստանում, ապա շարունակում է ուտել։ Եթե մի կրծքի կաթը բավարար չէ երեխային հագեցնելու համար, առաջարկեք մյուս կուրծքը։ Կրծքով կերակրվող երեխան լրացուցիչ հեղուկի՝ ջրի, սամիթի եփուկի, թեյի, հյութերի կարիք չունի (նույնիսկ շոգ եղանակին)։ Մինչև 1 ամսականը մի՛ օգտագործեք ծծակներ։ Կերակրման միջև ընդմիջումը կարող է 1-3 ժամ լինել։ Մայրական կաթը դյուրամարս է, ստամոքսը կարող է արագ դատարկվել և կերակրումից մեկ ժամ անց երեխան կարող է կրկին ուտելու ցանկություն ունենալ։ Մի փոքր մեծանալով՝ մանկիկն ինքն է սահմանում ուտելու իր անհատական ռեժիմը։Կերակրող մայրիկը հիմնականում կարող է ուտել ամեն ինչ, չկա որևէ սահմանափակում: Սննդակարգը պետք է ներառի բազմազան սնունդ, որպեսզի կարողանա լրացնել կալորիաների, վիտամինների ու մակրո-միկրո էլեմենտների պահանջը, որոնց կարիքը ունի թե՛ նոր ծննդաբերած մոր օրգանիզմը, թե՛ երեխայի օրգանիզմը:
01 Օգոստոս
5 փաստ կրծքով կերակրման մասին
Երկարատև կրծքով կերակրումը նվազեցնում է այս տեսակի քաղցկեղի զարգացման հավանականությունը՝ նվազեցնելով էստրոգենի ազդեցությունը հյուսվածքների վրա:Կերակրման ժամանակ արտադրվում է օքսիտոցին հորմոնը, որը նպաստում է արգանդի կրճատմանը և նվազեցնում հետծննդյան արյունահոսությունը:Լակտացիայի ժամանակ կալցիումի մետաբոլիզմը ակտիվանում է, ու թեև այն ժամանակավորապես որոշ քանակությամբ դուրս է գալիս ոսկրերից, սակայն կերակրման ավարտից հետո նրա պաշարները համալրվում են, ինչը ամրացնում է ոսկորները։Կրծքով կերակրումը նպաստում է օքսիտոցին և պրոլակտին հորմոնների կանոնավոր ձերբազատմանը, ամրապնդելով մոր և նորածնի հոգեէմոցիոնալ կապը և կանխելով հետծննդյան դեպրեսիան:Կրծքով կերակրումը արագացնում է կնոջ նյութափոխանակությունը և օգնում ավելի արագ վերադառնալ նախածննդյան կառուցվածքին:
29 Հուլիս
Ինչպե՞ս վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը։
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ չարորակ նորագոյացությունների խմբում զբաղեցնում է առաջին տեղը։ Սակայն կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ, այն ընդամենը ախտորոշում է, մասնավորապես եթե վաղ փուլում է հայտնաբերվում։Կրծքագեղձի քաղցկեղն ունի հիվանդության նախակլինիկական շրջան և, վաղ փուլերում հայտնաբերման պարագայում, բուժումը շատ արդյունավետ է։ Ռիսկի գործոններն են․ Ժառանգական նախատրամադրվածությունը, Վաղաժամ կամ ուշացած դաշտանադադարը, Կրծքով չկերակրելը, Ճարպակալումը, Ֆիզիկական ակտիվության սահմանափակումը, Ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը։ Կանխարգելիչ հետազոտությունների նպատակը կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը և բուժումն է։ Կարևոր է յուրացնել կրծքագեղձի ինքնազննման հմտությունը։ Ինքնազննումը կատարվում է ամիսը մեկ անգամ և կարող է օգնել հայտնաբերել հիվանդության ամենավաղ դրսևորումները։ 25 տարեկանից սկսած խորհուրդ է տրվում պարբերաբար իրականացնել կրծքագեղձերի սոնոգրաֆիկ հետազոտություն։ 30 տարեկանում, մասնագետի հետ խորհրդակցելով, կարելի է գնահատել քաղցկեղի առաջացման ռիսկը։ Ի դեպ, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 85% պայմանավորված չէ ժառանգականությամբ։  40 տարեկանից սկսած քաղցկեղի վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ եղանակը տարին մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտություն իրականացնելն է։ Այս կանխարգելիչ հետազոտության շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղով պայմանավորված մահացության ցուցանիշը կարող է իջնել 40%-ով։ Ստորև ներկայացված նշանների դեպքում կինը պետք է անհապաղ դիմի մասնագետի՝ չսպասելով կանխարգելիչ հետազոտության համար նախանշված ժամկետին։ Դրանք են՝ Շոշափվող գոյացություն կրծքագեղձում, Մաշկի ներքաշվածություն, Դաշտանային ցիկլով չպայմանավորված ցավ մի կրծքագեղձում, Կրծքագեղձի մաշկի կարմրություն, Պտուկից արյունային արտադրություն, Պտուկի ներքաշվածություն կամ վերքային մակերեսի առաջացում, Կրծքագեղձի մաշկի փոփոխություն՝ նմանվող լիմոնի կեղևի։ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մամոլոգիական ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ:
28 Հուլիս
Ի՞նչ է մամոգրաֆիան։
Մամոգրաֆիան կրծքագեղձի հետազոտումն է ռենտգենյան ճառագայթների օգնությամբ։ Այն կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման ոսկե ստանդարտն է։ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում տեղադրված է նոր սերնդի մամոգրաֆիկ սարք։Ճառագայթման նվազագույն ինդեքս, Բարձրորակ և գերճշգրիտ պատկերներ՝ եռաչափ շերտավոր նկարի շնորհիվ, Հետազոտությունը գրեթե անցավ է/կրծքագեղձն ավելի քիչ է սեղմվում, Հետազոտությունն արագ է, տևում է ընդամենը 5-10 րոպե, Պատասխանը տրվում է նույն օրը, 10 րոպեի ընթացքում։ Կասկածելի գոյացություն հայտնաբերելու դեպքում մեր մասնագետներն անմիջապես խորհրդատվություն են տրամադրում և միջամտությունների պլան առաջարկում։ Ցանկալի է մամոգրաֆիա անցնել դաշտանից մեկ շաբաթ անց, երբ կրծքագեղձերը այտուցված և գերզգայուն չեն։ Խորհուրդ է տրվում կրել երկու կտորից բաղկացած հագուստ, այդպես հարմար կլինի կրծքագեղձը մերկացնել։ Ցանկալի չէ մամոգրաֆիայից առաջ հակաքրտինքային միջոցներ, օծանելիք և/կամ այլ խնամքի յուղեր օգտագործել․ դրանք կարող են խաթարել մամոգրաֆիկ պատկերի հստակությունը։«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մամոլոգիական ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ:
18 Հուլիս
«Ուիգմոր»-ն ու ԱԱԻ-ն հայտարարում են կլինիկական օրդինատուրայի ընդունելություն
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի, 2025 — «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը և Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ)՝ ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնը հայտարարում են կլինիկական օրդինատուրայի ընդունելության մեկնարկը։ Փաստաթղթերի ընդունումը մեկնարկում է ս․թ․հուլիսի 21-ից – օգոստոսի 25-ը ներառյալ՝ Առողջապահության ազգային ինստիտուտում։ Ուսուցումն իրականացվում է ԱԱԻ կլինիկական բազա հանդիսացող «Ուիգմոր» հիվանդանոցում՝ հիմնվելով միջազգային կրթական չափանիշների և օրդինատորների կլինիկական՝ ամբողջական ներգրավվածության մոդելի վրա, աշխարհի առաջատար բուժհաստատությունների օրինակով։ «Ուիգմոր» հիվանդանոցը 2023 թ․-ից իրականացնում է մանկաբույժների նոր սերունդ կրթելու իր առաքելությունը՝ որպես Առողջապահության ազգային ինստիտուտի ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնի կլինիկական բազա․ սա եզակի հնարավորություն է կլինիկական օրդինատորների համար անցնելու արևմտյան «ռեզիդենտուրայի» մոդելին համապատասխան ուսումնառություն, - պատմում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն, մանկաբույժ, կլինիկական օրդինատուրայի ղեկավար՝ Հրաչուհի Ղազարյանը։ «Ամբիոնը վերակառուցվել է 2024 թվականին՝ ստանալով նոր անվանում և կրթական բովանդակություն․ ծրագիրն ընդգրկում է ինչպես ընդհանուր մանկաբուժություն, այնպես էլ մի շարք նեղ մասնագիտություններ՝ ներառյալ նեոնատոլոգիա, մանկական օրթոպեդիա, վիրաբուժություն, մաշկաբանություն, ուրոլոգիա, անեսթեզիոլոգիա և վերակենդանացում։ Այս տարի մեկնարկում ենք նաև գաստրոէնտերոլոգիան»։ Ըստ Հ․ Ղազարյանի, «Ուիգմոր»-ում կլինիկական օրդինատուրան անցնում է աշխարհի առաջատար բժշկական հաստատությունների օրինակով՝ միջազգային չափանիշներին և մոտեցումներին համապատասխան։ Կլինիկական օրդինատորները ուսուցում ու գործնական գիտելիքներ են ստանում` ներգրավվելով հիվանդանոցի բոլոր կլինիկական գործընթացների մեջ՝ բուժառուների զննում, մասնակցություն հիվանդանոցային աշխատանքին, դեպքերի մասնագիտական քննարկումներով և աշխատարաններով։ «Ուսումնական գործընթացում ներգրավված են նաև արտասահմանյան մենթորները, տարբեր երկրների մեր գործընկերները, ովքեր Հայաստան են այցելում՝ մեր օրդինատորների պրակտիկ կարողությունները զարգացնելու նպատակով», - նշում է Հ․Ղազարյանը։ «Կլինիկական օրդինատորները ակտիվ մասնակցում են տեղական և միջազգային կոնֆերանսներին և գիտաժողովներին։ Օրինակ, 2025 թ.-ին հաջող մասնակցություն ունեցանք Ռումինիայում տեղի ունեցած Եվրոպական մանկական վարակային հիվանդությունների ասոցիացիայի տարեկան կոնգրեսին (ESPID 2025)` ներկայացնելով կլինիկական դեպքեր/պոստերներ։ Ունենք նաև ընդունված պոստերներ և հաստաված բանավոր զեկույց՝ Մանկաբուժական ասոցիացիաների Եվրոպական ակադեմիայի կոնգրեսին (EAPS 2025), որը տեղի է ունենալու հոկտեմբերին, Պորտուգալիայում․ այս ամենը ներկայացնելու են մեր ռեզիդենտները», - պատմում է Հ․Ղազարյանը։«Ուիգմոր»-ում նշում են, որ կլինիկական օրդինատուրայի կարևոր առանձնահատկություններից է նաև ռեզիդենտի կողմից կատարվող աշխատանքի ֆինանսական փոխհատուցումը՝ տարբեր մոդելներով․ ռեզիդենտը կարող է ստանալ ուսումնական վարձի ամբողջական փոխհատուցում կամ, օրինակ, վճարվել կատարած հերթապահությունների համար, ստանալ դրամաշնորհ՝ կոնֆերանսների մասնակցության նպատակով։ «Կլինիկական օրդինատուրայի մեր ջանքերի նպատակն է՝ նախապատրաստել կադրեր, ովքեր մրցունակ կլինեն միջազգային բժշկական համայնքում, կունենան համարժեք գիտելիքներ և հմտություններ», - ընգծում է Հ․Ղազարյանը։
17 Հուլիս
Ի՞նչ է ձեռքի վիրաբուժությունը
Ձեռքի վիրաբուժությունը բժշկության մասնագիտացված առանձին ճյուղ է, որը կենտրոնացած է մատների, դաստակի և նախաբազկի տարբեր հիվանդությունների, խանգարումների և վիճակների ախտորոշման, բուժման և վերականգնման վրա։ Ձեռքի վիրաբուժությունը համատեղում է օրթոպեդիկ, պլաստիկ և միկրովիրաբուժության տեխնիկաները՝ ձեռքի գործառույթը վերականգնելու, ցավը նվազեցնելու և էսթետիկ տեսքը բարելավելու համար։ Ձեռքի վիրաբույժների կողմից հաճախ լուծվող խնդիրները ներառում են՝ Մատների և դաստակի կոտրվածքներ, հոդախախտեր և վերքեր; Ջլերի վնասվածքներ (ծալիչ և տարածիչ ջլեր); Նյարդային սեղմումներ/կոմպրեսիաներ (օրինակ՝ դաստակային՝ նույն ինքը կարպալ թունելի համախտանիշ); Դեգեներատիվ հիվանդություններ, ինչպիսիք են արթրիտը, արթրոզը; Այրվածքներ, ցրտահարություն և տրավմատիկ վնասվածքներ; Բնածին արատներ և դեֆորմացիաներ; Վերականգնողական միջամտություններ՝ տարբեր մանրմնամասերի վերապատվաստում, օրինակ՝ մատերի ռեպլանտացիա։ Քանի որ ձեռքը աներևակայելիորեն բարդ և նուրբ կառուցվածք ունի՝ պատասխանատու բազմազան շարժողական ֆունկցիաների, զգայունության, աշխարհընկալման և ճարպկության համար, ձեռքի վիրաբուժությունը պահանջում է բարձր ճշգրտություն և փորձառություն։ Այս ոլորտի վիրաբույժները հաճախ անցնում են լրացուցիչ վերապատրաստումներ տարբեր ոլորտներում՝ հիվանդների համար օպտիմալ արդյունքներ ապահովելու նպատակով։ Ձեռքի վիրաբուժությունը կարևոր դեր ունի բուժառուների կյանքի որակի բարելավման գործում, հատկապես վնասվածքներից հետո, հաշմանդամության և/կամ քրոնիկ ցավի դեպքերում։
16 Հուլիս
Ի՞նչ գիտենք մանկական դիմածնոտային վիրաբուժության մասին
Հանրային Ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդաշարի հյուրընկալ ստուդիայում այս անգամ քննարկել ենք մանկաբուժական ոլորտի այս առանցքային նեղ մասնագիտական ոլորտը։Հաղորդման հյուրն է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական դիմածնոտային վիրաբուժության ծառայության պատասխանատու Անահիտ Շահինյանը։ Հաղորդման թեման՝ «Մանկական դիմածնոտային վիրաբուժություն․ մասնագիտության ընկալումն ու գործառույթները»։Զրույցի առանցքային հարցերն էին՝Ի՞նչ է մանկական դիմածնոտային վիրաբուժությունը։ Ո՞ր խնդիրների դեպքում է անհրաժեշտ դիմել մասնագետին։ Որո՞նք են մասնագիտության շուրջ ձևավորված ամենատարածված միֆերն ու թյուրըմբռնումները։ Ինչպե՞ս է այս ոլորտն առնչվում և գործակցում մանկաբուժության այլ ճյուղերի հետ։ Դիտե՛ք ամբողջական թողարկումը և կիսվեք ձեր տպավորություններով։
12 Հուլիս
«Լավ բժիշկ» փոդքասթի հյուրն է՝ Հրաչուհի Ղազարյանը
«Լավ բժիշկ» փոդքասթի հյուրն է՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբուժության ամբիոնի վարիչ, մանկաբույժ, բ․գ․թ․ Հրաչուհի Ղազարյանը։ Զրուց մասնագիտության առանձնահատկությունների, լավ բժիշկ լինելու սահմանման, դժվարությունները հաղթահարելու և չհանձնվելու կարևորության մասին։
11 Հուլիս
Մասնագիտական վերապատրաստման հիանալի հնարավորություն մարզային հիվանդանոցների մանկաբարձ-գինեկոլոգների և ուրոլոգների համար։
«Առողջապահության ազգային ինստիտուտ»-ը (ԱԱԻ) և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարում են ուրոգինեկոլոգիայի ֆելոուշիփ (fellowship) նեղ մասնագիտացման ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագիրը հնարավորություն է տալիս խորացնելու գիտելիքներն ու հմտությունները ուրոգինեկոլոգիայի ոլորտում՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա։ Ծրագրի ընդունելությունը բաց է․ հայտերն ընդունվում են մինչև ս․թ․ հուլիսի 20-ը։ Ծրագրի տևողությունը՝ 3 տարի, ձևաչափը՝ առցանց/առկա։ Դիմել կարող են միայն ՀՀ մարզային հիվանդանոցների մանկաբարձ-գինեկոլոգները և ուրոլոգները։ Դիմելու ընթացակարգի և ծրագրի այլ մանրամասների համար կարող եք զանգահարել «Առողջապահության ազգային ինստիտուտ» ՝ 8501 (ներքին 2) հեռախոսահամարով։
07 Հուլիս
Գիտական պատասխանատվություն և առաջնորդում․ «Ուիգմոր Գրուփ»-ը գործարկում է Էթիկայի և բիոէթիկայի կոմիտե
«Ուիգմոր Գրուփ»-ը նախաձեռնել է Էթիկայի կոմիտեի (IRB) ձևավորումը՝ ստեղծելով ինստիտուցիոնալ համակարգ հետազոտությունների էթիկական և բիոէթիկական վերահսկման նպատակով։ Կոմիտեն կգործի՝ միավորելով գիտահետազոտական և էթիկական նորմերը՝ ապահովելով ուսումնասիրությունների հաստատման, վերանայման և ընթացիկ վերահսկման գործընթացը։Կոմիտեի նպատակներն են՝ մարդու իրավունքների, անվտանգության և բարեկեցության պաշտպանության ապահովումը հետազոտական գործունեության ընթացքում, գիտական հոդվածների և հետազոտությունների էթիկական և բիոէթիկական վերահսկումը։ Գործառույթները ներառում են՝ ուսումնասիրությունների հաստատում կամ մերժում՝ ըստ էթիկական և բիոէթիկական չափորոշիչների, փոփոխությունների պահանջի ներկայացում, երբ դրանք անհրաժեշտ են, հետևել տեղական և միջազգային նորմերին, առողջապահության և ԿԳՄՍ նախարարության կանոնակարգերին, հետազոտական գործընթացի ընթացիկ վերահսկում՝ ամբողջականության պահպանմամբ։Էթիկայի կոմիտեին կարող են դիմել այն անհատները, ովքեր զբաղվում են գիտական աշխատանքներով և ուսումնասիրություններով: Ուիգմոր Գրուփ-ի կողմից ներդրված այս նախաձեռնությունը կարևոր քայլ է՝ բարձր որակի, միջազգային ստանդարտներին համարժեք հետազոտական միջավայր ձևավորելու ճանապարհին՝ միաժամանակ ստեղծելով հնարավորություն մասնագետների և նորարար գաղափարների համար՝ զարգացնելու պատասխանատու, թափանցիկ և էթիկապես հիմնավորված հետազոտություններ։
06 Հուլիս
Անվտանգությունը կյանքի առաջին օրերից. բժիշկները պատմում են ինչպես պաշտպանել երեխաներին ճանապարհներին
Ճանապարհային անվտանգությունը սկսվում է անվտանգ և ապահով վարքագծից, մտածելակերպից և մշակույթից։ՄԱԿ-ի տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարներից ստացվող վնասվածքներն ամբողջ աշխարհում մահվան և հաշմանդամության տանող ծանր վնասվածքների առաջնային պատճառներից են․ ճանապարհային երթևեկության կանոններին չհետևելու հետևանքով աշխարհում ամեն տարի մահանում է մոտ 1.2 միլիոն մարդ, իսկ 50 միլիոնը՝ ստանում վնասվածքներ: Տվյալները վկայում են՝ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների ամենախոցելի խումբը երեխաներն են, ովքեր հիմնականում տուժում են մեծահասակների անուշադիր կամ անպատասխանատու  մոտեցումների հետևանքով:Հայաստանում 2024 թվականի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում զոհվել է մինչև 18 տարեկան 19 երեխա, մարմնական վնասվածքներ ստացել՝ 629-ը:2025 թվականի միայն առաջին չորս ամիսների ընթացքում մինչև 18 տարեկան երեխաների մասնակցությամբ պատահարներից զոհվել է 4 երեխա, մարմնական վնասվածքներ ստացել 220-ը: Զոհերից երկուսը եղել են ուղևորներ, երկուսը՝ հետիոտն, իսկ մարմնական վնասվածքներ ստացածներից  143-ը եղել են ուղևորներ, 77-ը՝ հետիոտն:Այս դեպքերի զգալի մասը հնարավոր կլիներ կանխել, եթե պահպանված լինեին ճանապարհային անվտանգության կանոնները… «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բժիշկները հիշեցնում են՝ մեքենայի անվտանգության ամրագոտին և երեխաների համար նախատեսված հատուկ նստատեղը կյանքեր են փրկում:  Անի Պետրոսյան, մանկաբույժ, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անհետաձգելի բուժօգնության ծառայության պատասխանատու«Ուիգմորի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (ԱԲԲ), գրեթե ամեն օր ականատես ենք լինում ճանապարհային պատահարներից տուժած, ծանր վնասվածքներով երեխաների, ողբերգական իրավիճակների։ Ցավոք՝ ոչ միշտ է հնարավոր լինում փրկել երեխայի կյանքը կամ լիովին վերականգնել առողջությունը։ Սրանք դեպքեր են, որոնց մեծ մասը հնարավոր կլիներ կանխել, եթե պահպանվեին ճանապարհային անվտանգության հիմնական կանոնները», - պատմում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անհետաձգելի բուժօգնության ծառայության պատասխանատու Անի Պետրոսյանը։ «Բժշկի համար ամենածանրը գիտակցումն է, որ դեպքերի մեծամասնությունը հնարավոր էր կանխել մեկ գործողությամբ. երեխային մեքենայում տեղափոխել միմիայն իր տարիքին և քաշին համապատասխան հատուկ նստատեղի մեջ և ամրացնել գոտիներով։ Սա ֆորմալություն չէ, սա կյանք փրկող որոշում է», – ընդգծում է Ա․Պետրոսյանը։Երեխաների մոտ ավտովթարներից հետո ամենահաճախ հանդիպող վնասվածքներն են՝գանգուղեղային վնասվածքներ,տարբեր ծանրության կոտրվածքներ,համակցված տրավմաներ՝ ներքին օրգանների վնասումով։«Երեխայի ուղեղն ակտիվ զարգանում ու աճում է․ անգամ թեթև հարվածը կարող է երկարաժամկետ հետևանքների պատճառ դառնալ՝ խոսքի, հիշողության, շարժման խանգարումների։ Ցավոք, մենք տեսնում ենք դեպքեր, երբ անգամ ամենաառաջադեմ բժշկությունն ի զորու չէ վերականգնել այն, ինչ վնասվել է վթարի ժամանակ», – նշում է մանկական նյարդավիրաբույժ, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդավիրաբուժական ծառայության պատասխանատու Էդուարդ Ասատրյանը։Ըստ մասնագետի խոսքերի, անվտանգության մասին հոգատարությունը երեխայի հանդեպ սիրո առաջնային դրսևորումներից է։ Ամբողջական նյութը հասանելի է հղմամբ։
05 Հուլիս
Ամառ և ջուր. ինչպե՞ս զովանալու ցանկությունը կարող է վերածվել սպառնալիքի
Բեյբիսեֆի հյուրն է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական ամբուլատոր ծառայությունների պատասխանատու, մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանը:
03 Հուլիս
10 փաստ մամոլոգիայի մասին
1. Մամոլոգիան բժշկության ենթաճյուղ է, որը զբաղվում է կրծքագեղձերի հիվանդությունների կանխարգելմամբ, ախտորոշմամբ և բուժումով, ներառյալ բարորակ և չարորակ գոյացությունները:2. Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ գոյացությունն է։ Վաղ ախտորոշումը և ճիշտ բուժական տակտիկան թույլ են տալիս հասնել վերջնական ապաքինման՝ խուսափելով կյանքի որակի կամ տևողության վրա էական ազդեցությունից: 3. Մամոգրաֆիան ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում։ Ճառագայթային այս մեթոդը թույլ է տալիս հայտնաբերել նորագոյացությունները ամենավաղ փուլերում, երբ այլ ախտանիշներ դեռ ի հայտ չեն եկել: 4. Ուլտրաձայնային հետազոտությունը և մամոգրաֆիան համարժեք հետազոտություններ չեն, դրանք լրացնում են միմյանց։ Մինչև 40 տարին լրանալը՝ որպես կրծքագեղձի հետազոտման առաջնային մեթոդ կիրառվում է ՈՒՁՀ-ը, ինչը պայմանավորված է երիտասարդ տարիքում կրծքագեղձերի կառուցվածքային առանձնահատկություններով։ 5. Կրծքագեղձերի ինքնազննումը կարևոր կանխարգելիչ միջոց է։ Պարբերաբար (ամիսը 1 անգամ) ինքնազննումը օգնում է կանանց նկատել փոփոխությունները կրծքագեղձում և ժամանակին դիմել բժշկի: Սակայն այս մեթոդը չի փոխարինում մասնագիտական հետազոտությունը։ 6. Հղիությունը և կրծքով կերակրումը նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: 7. Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի հիմնական գործոնները ներառում են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ավելորդ քաշը, նստակյաց կյանքը, ինչպես նաև կարևոր է ընտանեկան անամնեզը։ 8. Կրծքագեղձի հիվանդություն կարող է առաջանալ նաև տղամարդկանց մոտ. չնայած դրանք ավելի հաճախ են հանդիպում կանանց մոտ, տղամարդիկ ևս կարող են ունենալ կրծքագեղձի խնդիրներ, օր․՝ գինեկոմաստիա (մեծացած կրծքագեղձեր), բարորակ գոյացություններ կամ շատ ավելի հազվադեպ հանդիպող կրծքագեղձի քաղցկեղ: Նման խնդիրներ նկատելու դեպքում տղամարդիկ նույնպես պետք է դիմեն մամոլոգի։ 9. Ֆիբրոադենոման կրծքագեղձի առավել հաճախ հանդիպող բարորակ գոյացություն է։ Այն հիմնականում հանդիպում է մինչև 35 տարեկան կանանց մոտ։ Բուժական տակտիկան կախված է ֆիբրոադենոմայի աճի տեմպերից, չափերից և տեղակայման առանձնահատկություններից։ 10. Կրծքագեղձի հիվանդություն կարող է առաջանալ նաև տղամարդկանց մոտ. չնայած դրանք ավելի հաճախ են հանդիպում կանանց մոտ, տղամարդիկ ևս կարող են ունենալ կրծքագեղձի խնդիրներ, օր․՝ գինեկոմաստիա (մեծացած կրծքագեղձեր), բարորակ գոյացություններ կամ շատ ավելի հազվադեպ հանդիպող կրծքագեղձի քաղցկեղ: Նման խնդիրներ նկատելու դեպքում տղամարդիկ նույնպես պետք է դիմեն մամոլոգի։ Մամոլոգիական ծառայությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
02 Հուլիս
«Լավ բժիշկ» փոդքասթի հյուրն է՝ Էդուարդ Ասատրյանը
«Լավ բժիշկ» փոդքասթի հյուրն է՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի նյարդավիրաբուժության ծառայության պատասխանատու, նյարդավիրաբույժ էդուարդ Ասատրյանը։Զրույց՝ Էպիլեպսիայի վիրաբուժության, մասնագիտական ճանապարհի և նյարդավիրաբույժի աշխատանքի նրբությունների մասին։
27 Հունիս
Ուրոգինեկոլոգիան Հայաստանում. միջազգային համագործակցություն՝ ուղղված կնոջ առողջության բարելավմանը
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հունիսի 24-ից հերթական անգամ հյուրընկալել է պրոֆեսոր, Բասեթ (ԱՄՆ) բժշկական կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, ուրոգինեկոլոգ Սամվել Բադալյանին:Պրոֆեսորի հետ համագործակցությունը տարիներ առաջ է մեկնարկել՝ Հայաստանում զարգացնելով նոր ձևավորված ուրոգինեկոլոգի մասնագիտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրոֆեսոր Բադալյանն արդեն 15 տարի է մշտապես այցելում է Հայաստան՝ կնոջ առողջությանն ուղղված բուժօգնության նոր որակ և հեռանկարներ զարգացնելու առաքելությամբ ու փոխանցելով միջազգային առաջատար փորձն ու գիտելիքը հայ մասնագետներին։ Ըստ պրոֆեսորի՝ դա առավել արդյունավետ է մասնագիտական համայնքի շարունակական կրթության շնորհիվ: «Երկար տարիներ հետո ես զգացի, որ դժվար է տարբեր հիվանդանոցներ գնալու եղանակով ստեղծել այնպիսի համակարգ, որ բոլորը ստանան համապատասխան բուժում։ Եվ որոշեցինք, որ պետք է կենտրոնանալ մի հիվանդանոցի վրա: 2021 թվականին մենք ստեղծեցինք fellowship (Urogynecology fellowship՝ կրթական ֆորմալ ծրագիր ուրոգինեկոլոգիա նեղ մասնագիտացումով/հաստատված է Հայաստանի ԱՆ կողմից) ծրագիրը և աշխարհի 7 երկրներից հավաքեցինք ուրոգինեկոլոգների, որոնք կենտրոնացան Հայաստանում մասնագետներին վերապատրաստելու աշխատանքների վրա: Ընտրեցինք հինգ fellow-ների Երևանից, որոնք այս վերջին չորս տարվա ընթացքում վերապատրաստվեցին և կարողանում են կատարել բոլոր վիրահատությունները, միջամտությունները, որոնք պետք են կոնքի հատակի հիվանդությունների համար»,- ասաց ուրոգինեկոլոգ, պրոֆեսոր Սամվել Բադալյանը: Մասնագետը նշեց՝ ծրագիրը տևեց երկար, բաց ուրախությամբ փաստեց, որ ծրագրի հինգ fellow-ները դարձան միջազգային մակարդակի ուրոգինեկոլոգներ, իսկ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը իրենց հնարավորություն տվեց մատուցել ժամանակակից մոտեցումներով և նորագույն սարքավորումներով հագեցած ուրոգինեկոլոգիական ծառայություններ՝ ներառյալ վիրահատական, հետվիրահատական և նեղ մասնագիտական խնամքը։ Ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների տեղայնացումը նպաստում է ոչ միայն Հայաստանում կանանց առողջության և կյանքի որակի բարելավմանը, այլև համայնքի մասնագիտական ձևավորմանը, ամրապնդմանն ու աճին։ Ամբողջական նյութը հասանելի է հղմամբ:
27 Մայիս
Սեզոնային ալերգիաներ. փոշոտումը՝ օգո՞ւտ, թե՞ վնաս
Քթի փակվածություն, աչքերի կարմրություն, փռշտոց, երբեմն նաև հազ։ Սրանք այն նշաններն են, որոնք դիտվում են սեզոնային ալերգիայի ժամանակ և սրվում են հատկապես գարնանը։ Ուիգմոր հիվանդանոցի մանկաբույժ, ալերգոլոգ Լուսինե Ավետյանը խոսում է սեզոնային ալերգիայի մասին:
22 Մայիս
Ինչպե՞ս է պետք ճիշտ անցնել փողոցը
Սկզբից՝ ձախ, հետո՝ աջ. կարևոր հիշեցում բոլոր երեխաներին, թե ինչպես է պետք ճիշտ անցնել փողոցը: Սիրով՝ Ձեր Ուիգմոր
22 Մայիս
Փողոցն անցնելը հեշտ և ապահով է, երբ հետևում ես կանոններին
Ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակում Ձեզ ենք ներկայացնում ևս մեկ տեսանյութ՝ փողոցը ճիշտ անցնելու վերաբերյալ։ Երեխաներին վաղ տարիքից սովորեցրեք ճանապարհային անվտանգության կանոնները և հետևեք, որ պահպանեն դրանք։
19 Մայիս
Երեխաների անվտանգությունը կարևոր է. մասնագետները հորդորում են խստորեն պահպանել երթևեկության կանոնները
2025թ. միայն առաջին չորս ամիսների ընթացքում մինչև 18տ. երեխաների մասնակցությամբ ճանապարհային պատահարներից զոհվել է 4 երեխա, իսկ մարմնական վնասվածքներ ստացել՝ 220-ը: Այս դեպքերի մեծ մասը հնարավոր կլիներ կանխել, եթե պահպանված լինեին ճանապարհային անվտանգության կանոնները:  Բուժաշխատողները հաճախ են ականատես լինում ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելու ողբերգական հետևանքներին… Մենք կոչ ենք անում բոլոր ծնողներին խստորեն պահպանել երեխաների անվտանգությունը երթևեկելիս և հետևել, որ մեքենայի մեջ նրանք լինեն. - մեքենայի հետևի նստատեղին, - ամրակապված ողջ ընթացքում, - 0-12տ բալիկների դեպքում՝ նստած և ամրակապված լինեն մանկական նստատեղին (car seat): Երեխայի անվտանգությունը Ձեր պատասխանատվությունն է:
22 Ապրիլ
Շահանե Մնացականյան. Ուիգմորում գիտակցում ենք` որակի մրցավազքում վերջնակետ չկա
2025թ. փետրվարին «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ն ու «Ուիգմոր Քլինիք»-ը Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի կողմից ստացել են ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 «Որակի կառավարման համակարգեր․ Պահանջներ» հավաստագիր՝ գործունեության բոլոր ոլորտների համար։Միջազգայնորեն ճանաչված այս հավաստագիրն արտացոլում է «Ուիգմոր»-ի թիմի նվիրված աշխատանքն ու միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ, որակյալ բուժօգնություն ու խնամք մատուցելու պատրաստականությունը։ Մեդիամաքսի հետ զրույցում «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի գործառնական գծով փոխտնօրեն եւ «Ուիգմոր Քլինիք»-ի տնօրենի պաշտոնակատար Շահանե Մնացականյանը պատմել է որակի ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին ու կիսվել հիվանդանոցում կիրառվող միջազգային փորձով։«Որակի կառավարումը թիմային աշխատանք է» Հավաստագիրը, որը ստացել են «Ուիգմոր Քլինիք»-ն ու «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ը, ընդհանուր է եւ կիրառելի ցանկացած ոլորտի կառույցի համար։Շահանե Մնացականյանը Լուսանկարը` ՄեդիամաքսԱյն արձանագրում է, որ տվյալ հաստատության կառավարման համակարգն ունակ է կանխորոշել ռիսկերը, կառույցն ունի հաշվետվողականության պատշաճ մեխանիզմներ եւ դրանում իրականացվում են մշտադիտարկումներ ու ներքին աուդիտներ։ Սրանք պահանջներ են, որոնք պարտադիր են մենեջմենթի համար՝ անկախ գործունեության ոլորտից։ Ցանկացած նեղ ոլորտային ստանդարտ ներդնելուց առաջ պետք է ունենալ ԻՍՕ 9001 հավաստագիր, քանի որ այն կառավարման համակարգի կոմպետենտության վկայությունն է։ Հաճախ մարդիկ հիմնում են ընկերություն եւ մտածում՝ «ոտքի կանգնենք ու կսկսենք որակի կառավարման համակարգ ներդնել»։ Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ։ Եթե ցանկանում ես, որ գործդ հաջողի, այս մասին պետք է մտածել առաջին հերթին։ Որակի կառավարման համակարգը ղեկավարին տալիս է շատ պարզ գործիքներ, որպեսզի տարբեր ցուցանիշների տեսքով ունենա «աչքեր» եւ «ականջներ» իր ընկերությունում ու դրանց օգնությամբ կարողանա կառավարել առավել արդյունավետ։ Որակի մասին չի կարելի մտածել ճանապարհի կեսից, այն պետք է լինի արվող առաջին քայլը։ Նույն տրամաբանությամբ, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում որակի մշտադիտարկման եւ կառավարման համակարգի շուրջ սկսել ենք աշխատել դեռ մինչեւ հիվանդանոցի բացումը։Լուսանկարը` «Ուիգմոր»Ինչպես հիվանդանոցի նախագծման փուլում, այնպես էլ՝ այսօր, որակյալ եւ անվտանգ բուժօգնությունը մեր մեծագույն առաջնահերթությունն է։ Հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխան շենք կառուցելը, բանիմաց ու հոգատար անձնակազմ ներգրավելը, հիվանդանոցային ընթացակարգերի ստանդարտացումը բարդ աշխատանք է։ Սա գործընթաց է, որ պահանջում է մեծ հաստատակամություն, թիմի ամենօրյա կարգապահություն ու նվիրում։ Բարեբախտաբար, մեզ հաջողվել է ներգրավել մարդկանց, որոնք ունեն նույն` «ուիգմորական արժեհամակարգը»։ Մենք գիտակցում ենք՝ որակի կառավարումը թիմային աշխատանք է եւ այս մրցավազքում չկա վերջնակետ։ Որակի կառավարման համակարգը «Ուիգմոր Քլինիք»-ից՝ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց» Սկսել եմ աշխատել «Ուիգմոր»-ում, երբ աշխատակիցների ընդհանուր թիվը 34 էր, իսկ հիմա այն հասնում է 800-ի ու շարունակում է շատ արագ աճել (ժպտում է-հեղ.)։Շահանե Մնացականյանը Լուսանկարը` Մեդիամաքս«Ուիգմոր Քլինիք»-ում ունեինք հստակ աշխատող համակարգեր ու մշակված ընթացակարգեր եւ մեզ թվում էր, որ դրանք հեշտությամբ կկարողանանք կիրառել ավելի մեծ՝ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում։ Կարճ ժամանակում հասկացանք՝ այստեղ մարտահրավերները շատ ավելին են, ու պետք է արագ ադապտացվել այդ ծավալներին ու փոփոխություններին։ Արդյունքում, կարողացանք որակի կառավարման պատշաճ համակարգ ներդնել արդեն մեծ հիվանդանոցում։Ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
17 Ապրիլ
Մանկական էպիլեպսիայի վիրահատական բուժումը հասանելի է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
Այսօր Armenia TV-ի «Առավոտ Լուսո» հաղորդման եթերում մեր թիմը և Valley Children’s Healthcare-ի մանկական նյարդաբանության ղեկավար դոկտոր Սեզար Սանթոսը ներկայացրեցին մեր համագործակցության ուղին, Հայաստանում մանկական նյարդաբանության զարգացմանն ուղղված քայլերը և առաջին արդյունքները։ Զրույցի ընթացքում անդրադարձանք մանկական էպիլեպսիայի համալիր մոտեցմանը՝ սոցիալական ընկալումից, նյարդահոգեբանական գնահատումից մինչև վիրահատական միջամտություն և դրա ակնկալվող արդյունքները, ինչպես նաև անդրադարձանք Ուիգմոր հիվանդանոցի նյարդավիրաբույժների կողմից հաջողությամբ իրականացված էպիլեպսիայի վիրահատություններին։ Մանրամասները՝ տեսանյութում
15 Ապրիլ
Մանկական էպիլեպսիայի վիրահատական բուժումը հասանելի է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
Դեղակայուն էպիլեպսիայի վիրահատական մեթոդը փրկություն է այնտեղ, որտեղ դեղամիջոցներն անզոր են։«Ուիգմոր»-ում նշում են՝ վիրահատական փուլին պատրաստվել են երկար, մեկնել են վերապատրաստումների, հյուրընկալել ԱՄՆ գործընկերներին, քննարկել դեպքերն առցանց և շարունակական կապն այս ուղղությամբ զարգացրել։Նյութն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
08 Ապրիլ
Ուիգմորի ծննդօգնության ծառայությունը, որդեգրած սկզբունքները և գործելակարգերը/Արմենիա ԹՎ
2024 թվականի հունիսի 1-ին մեկնարկեց Ուիգմորի ծննդօգնության ծառայությունը, և բացումից ժամեր անց ծնվեց մեր "առաջնեկը"։Այս ընթացքում մեր ծննդատան անցած ուղու, որդեգրած սկզբունքների և գործելակարգերի մասին զրուցել ենք «Արմենիա ԹՎ»-ի եթերում։ «Բարի լույս» հաղորդման հյուրերն են «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի կանանց առողջության ամբուլատոր ծառայությունների պատասխանատու, մանկաբարձ-գինեկոլոգ Վերժինե Կասարջյանը և հիվանդանոցային գործընթացների համակարգող Նարինե Նավասարդյանը։

1

2

3