Ուիգմոր Ընտանիքի Առողջության Կենտրոն
Հեպատիտ Բ-ի պատվաստում
28 Հուլիս

Հեպատիտ Բ-ի վիրուսը առաջացնում է լյարդի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են հեպատիտը (լյարդի բորբոքում), ցիրոզը, լյարդի չարորակ գոյացությունները (հեպատոցելյուլար կարցինոմա): Վիրուսը փոխանցվում է արյան և այլ կենսական հեղուկների միջոցով, մորից նորածնին՝ ծննդալուծման ժամանակ, ինչպես նաև սեռական ճանապարհով։ Հեպատիտ Բ-ի վիրուսը 100 անգամ ավելի վարակիչ է քան ՄԻԱՎ-ը և կարող է պահպանել վարակելիությունը արտաքին միջավայրում մինչև 7 օր։

Հեպատիտ Բ-ի վիրուսը որոշ դեպքերում կարող է փոխանցվել նաև կենցաղում, մասնավորապես, երեխայի սնունդը համտեսելիս, նույն անձնական օգտագործման միջոցները (ատամի խոզանակ, ածելի, մատնահարդարման պարագաներ և այլն) օգտագործելիս և այլն։

Համաձայն ԱՀԿ տվյալների 2022 թ․ 250 մլն-ից ավել մարդ ունեցել է Հեպատիտ Բ վիրուսով պայմանավորված լյարդի քրոնիկ հիվանդություն, յուրաքանչյուր տարի գրանցվել է շուրջ 1.2 միլիոն նոր վարակ և մոտավորապես 1.1 միլիոն մահվան դեպք։

Հեպատիտ Բ վարակը առավել վտանգավոր է մինչև 1 տարեկան երեխաների շրջանում, քանզի այս տարիքում վարակը 90% դեպքերում հանգեցնում է լյարդի քրոնիկ հիվանդությանը և վերը նշված բարդությունների, և երեխան մնում է վարակիչ ամբողջ կյանքի ընթացքում։ Հենց այս պատճառով է, որ Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումը կատարվում է ծնվելուց անմիջապես հետո։

Հեպատիտ Բ-ի պատվաստում կարող է ստանալ յուրաքանչյուր անձ ցանկացած տարիքում, սակայն հատկապես կարևոր է ռիսկի խմբում գտնվող անձանց ժամանակին պատվաստվելը։ 

Ռիսկի խմբերն են՝

  • բուժաշխատողները,
  • հասարակական անվտանգության աշխատակիցները (ոստիկաններ, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ և այլն),
  • լյարդի հիվանդություններով անձինք (ցիրոզ, հեպատիտ C վարակ, լյարդի ճարպային հիվանդություն, լյարդի ալկոհոլային հիվանդություն, աուտոիմուն հեպատիտ)
  • Հեպատիտ Բ վարակված անձանց ընտանիքի անդամները
  • շաքարային դիաբետով հիվանդները
  • երիկամների խնդիրներով, դիալիզ ստացող հիվանդները,
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող անձինք
  • նույնասեռականները
  • ներերակային թմրամիջոցներ օգտագործողները

Ե՞րբ չի կարելի կատարել կամ հարկավոր է հետաձգել պատվաստումը

  • Եթե հեպատիտ Բ պատվաստման նախորդ դեղաչափից առաջացել է ծանր ալերգիկ ռեակցիա կամ անաֆիլաքսիա
  • Ջերմությամբ կամ առանց ջերմության միջին ծանրության կամ ծանր ընթացքով սուր հիվանդությունների դեպքում բժիշկը կարող է հետաձգել պատվաստումը

Ե՞րբ պատվաստման կատարումը հակացուցված չէ

  • Ջերմությամբ կամ առանց ջերմության թեթև հիվանդություններ
  • Տեղային ռեակցիաներ (այտուց, ցավ, կարմրություն), կամ ջերմության բարձրացում նախորդ դեղաչափից հետո
  • Հիվանդության լավացման շրջան
  • Վարակիչ հիվանդի հետ շփում
  • Դեղորայքի ընդունում

Ի՞նչ կարող է լինել պատվասատումից հետո

Ինչպես և բոլոր դեղերի դեպքում, պատվաստումներից հետո նույնպես հազվադեպ կարող են զարգանալ կողմնակի երևույթներ։

Սովորաբար նրանք թեթև են ընթանում և անցնում են մի քանի օրվա ընթացքում։

  • այտուց, կարմրություն, ցավ ներարկման տեղում
  • տենդ
  • թուլություն, գլխացավ, սրտխառնոց, մկանացավ, ցան
  • 1 միլիոնից 1-ի մոտ կարող է զարգանալ անաֆիլակտիկ ռեակցիա, որը ի հայտ է գալիս պատվաստումը ստանալուց հետո րոպեների ընթացքում։ Հենց այս պատճառով է, որ խորհուրդ է տրվում պատվաստումից հետո մնալ բուժ․ հիմնարկում ևս 20-30 րոպե։

Ի՞նչ անել հետպատվաստումային ռեակցիաների զարգացման դեպքում

  • Տեղային ռեակցիաների զարգացման դեպքում (այտուց, ցավ, կարմրություն) հարկավոր է ներարկման տեղում դնել սառը ջրով թրջոցներ
  • Ջերմության բարձրացման, ցավերի դեպքում կարելի է կիրառել պարացետամոլ կամ իբուպրոֆեն

Ի՞նչ չանել պատվաստումից առաջ և հետո

  • Մինչև պատվաստումը կարիք չկա կատարել որևէ հետազոտություն
  • Մինչև պատվաստումը և դրանից հետո մի օգտագործեք հակաալերգիկ կամ որևէ այլ դեղորայք (բացառությամբ բժշկի նշանակված դեղորայքից)
  • Պատվաստումից հետո ներարկման տեղում ջրից բացի չի կարելի քսել այլ հեղուկներ, քսուքներ, սառույց
  • Կարիք չկա փոխել Ձեր առօրյան պատվաստումից հետո (լոգանք, զբոսանք)

Ե՞րբ դիմել բժշկի

  • 2 օրից ավել տևող ջերմության դեպքում
  • Արտահայտված այտուցի, կարմրության դեպքում
  • Ցանկացած այլ գանգատների դեպքում, որոնք զարգացել են պատվաստումից 3 օր հետո։