Ուիգմոր Ընտանիքի Առողջության Կենտրոն
Երեխաների պատվաստումներ
29 Ապրիլ
Ի՞ՆՉՊԻՍԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ ՀՀ-ՈՒՄ

ՀՀ-ում կատարվում են պատվաստումներ հետևյալ հիվանդությունների դեմ՝
դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, պոլիոմիելիտ, հեմոֆիլուսային վարակ, ռոտավիրուսային վարակ, տուբերկուլոզային սեպսիս, հեպատիտ Բ, հեպատիտ Ա, պնևմակոկային վարակ, մենինգակոկային վարակ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, մարդու պապիլոմավիրուսային վարակ, տուլարեմիա, գրիպ, կատաղություն, ջրծաղիկ։

Բոլոր հիվանդությունները, որոնց դեմ կատարվում են պատվաստումներ կարող են ունենալ ծանր ընթացք և անգամ մահվան ելք։ 

Տասնյակ տարիներ առաջ, նախքան պատվաստումների ստեղծումը և լայն կիրառումը այս հիվանդություններով պայմանավորված հիվանդացությունը և մահացությունը շատ բարձր էր։
Այդ հիվանդությունների մեծ մասը մինչ օրս չունեն հատուկ բուժում՝ ինչպես օրինակ փայտացումը, պոլիոմիելիտը, հեպատիտ Բ-ն, կարմրուկը, մարդու պապիլոմավիրուսային վարակը, ուստի այս հիվանդություններից կարելի է պաշտպանվել միայն կատարելով պատվաստումները։

ՀՀ-ում կատարվող պատվաստումները ապահովում են երեխայի առավելագույն պաշտպանությունը սկսած ծնված օրվանից։



ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ԾԱՆՐԱԲԵՌՆՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՅԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Երեխան ծնված պահից ամեն օր իր շրջապատում շփվում է հազարավոր մանրէների հետ՝ սննդի, օդի կամ տարբեր առարկաների միջոցով, ինչպես նաև մարդկանց և կենդանիների հետ շփվելիս։ Առողջ երեխաների իմունային համակարգը մշտապես պայքարում է այս մանրէների և վիրուսների դեմ՝ արտադրելով պաշտպանիչ հակամարմիններ։

Իմունային համակարգը ունակ է միաժամանակ դիմադրել հազարավոր հակածինների։
Պատվաստանյութերով երեխաները ընդամենը մի քանի անգամ ստանում են հակածինների չնչին քանակ, ի տարբերություն այն քանակի, որի հետ ամեն օր առնչվում են առօրյայում։ 

Պատվաստումների օգնությամբ իմունային համակարգը ճանաչում է այդ մանրէները և պայքարում դրանց դեմ։




Ե՞ՐԲ ՊԱՏՎԱՍՏԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ

Պատվաստումների մեծ մասը անհրաժեշտ է կատարել շատ վաղ տարիքում, քանի որ հենց սկսած նորածնային տարիքից այս վարակները կարող են առաջացնել ծանր ընթացող հիվանդություն և անդարձելի բարդություններ (գլխուղեղի և դրա թաղանթների բորբոքում, սեպսիս, կուրություն, բնածին արատներ, կաթված, ուռուցքներ և այլն)։

Կյանքի առաջին օրերից երեխայի իմունային համակարգը արդեն իսկ կարող է միաժամանակ դիմակայել շատ մանրէների, սակայն կան որոշ վտանգավոր և մահացու մանրէներ և վիրուսներ, որոնց դեմ երեխայի օրգանիզմը ունակ չէ ինքնուրույն պայքարել։ 

Հղիության և կրծքով կերակրման ընթացքում մորից ստացած հակամարմինները պաշտպանում են երեխային առավելագույնը 2-3 ամիս և չեն կարող ապահովել երկարատև լիարժեք պաշտպանություն։

! ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐՈՎ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԵՐԵԽԱՅԻ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ԵՎ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱՆՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՌԻՍԿԸ։