Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Valley Children’s Healthcare-ի պատվիրակությունը սեպտեմբերին կայցելի Հայաստան․ տեղի կունենա «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի հետ համագործակցության հուշագրի երկրորդ փուլի ստորագրումը
Valley Children’s Healthcare-ի պատվիրակությունը սեպտեմբերին կայցելի Հայաստան․ տեղի կունենա «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի հետ համագործակցության հուշագրի երկրորդ փուլի ստորագրումը
22 Օգոստոս
ԵՐԵՎԱՆ — 2025թ. Սեպտեմբերի 1-ից 12-ը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը կհյուրընկալի իր գործընկեր, ԱՄՆ առաջատար մանկական բուժհաստատության՝ Valley Children’s Healthcare-ի մասնագիտական պատվիրակության երրորդ այցելությունը Հայաստան։


Պաշտոնական այցը ղեկավարում են Valley Children’s Healthcare-ի Առողջապահության և Հիվանդանոցի կառավարման հանձնաժողովների նախագահներ Մայքլ Հենսընը և Հոզե Էլգոռիագան։ Պատվիրակության կազմում են մանկաբուժական ոլորտի առաջատար մասնագետներ և առողջապահության կազմակերպիչներ։


Մասնագիտական հերթական այս այցն իրականացվում է Valley Children’s Healthcare-ի և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի միջև 2023թ․-ին կնքված գործընկերության շրջանակում՝ նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել մանկական առողջապահությունը՝ բժշկական փորձի փոխանակման և շարունակական մասնագիտական կրթության միջոցով։


Այցի շրջանակում կկայանա հիվանդանոցների միջև համագործակցության հուշագրի երկրորդ փուլի ստորագրման պաշտոնական արարողությունը։ 


«Այս համագործակցությունը մեզ համար կարևոր է՝ Հայաստանում մանկական առողջապահության ոլորտում նոր, համակարգային զարգացումներ բերելու համար: Հիմնվելով հաջողված փորձի և արդյունքների վրա՝ մենք համագործակցության Երկրորդ փուլն ենք միասին կառուցում՝ խորացնելով թիրախային ուղղությունների զարգացումը՝ Հայաստանում լավագույն փորձը ներդնելու ճանապարհով», — նշում է «Ուիգմոր» հիվանդանոցի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը։  

Այցի շրջանակում սեպտեմբերի 6-ին տեղի կունենա «Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» թեմայով ՇՄԶ կրեդիտավորված մանկաբուժական գիտաժողովը, որտեղ դասախոսություններ կկարդան ԱՄՆ մասնագետները։ Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի մանկաբուժական համայնքի մեծ թվով մասնակիցներ ՀՀ մարզերից և Երևանից։


«Հայաստանի մանկաբուժական համայնքը հնարավորություն է ստանում շփվելու, քննարկելու և արտասահմանյան գործընկերների հետ կիսվելու փորձով։ Այս այցը և դրա շրջանակում նախատեսված գիտաժողովը այն հարթակն են, որտեղ մասնագետները միավորվում են՝ շարունակաբար կրթվելու, միմյանցից սովորելու և միասին զարգացնելու մանկաբուժության ոլորտը», — ասում է «Ուիգմոր» հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն, բ.գ.թ. Հրաչուհի Ղազարյանը։

Համագործակցության հուշագրի ստորագրումից ի վեր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ից արդեն հինգ մասնագիտական խումբ է մեկնել ԱՄՆ վերապատրաստման։

***
Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը Երևանում տեղակայված, 220 մահճակալ կարողությամբ հագեցած բժշկական կենտրոն է, որի աշխատանքի հիմքում երեխաներին և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։
ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն մակարդակի:
Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտական մանկական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջությանն ուղղված և ծննդօգնության ծառայություններ:
Ուիգմորի առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտի համակարգային բարեփոխմանը՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք։

***
Valley Children’s Healthcare ԱՄՆ կենտրոնական Կալիֆորնիայի մանկական առողջապահական բարձրորակ և համապարփակ խնամքի ծառայությունների մատակարար է։ Հիվանդանոցն ապահովում է մասնագիտացված թերապևտիկ և վիրաբուժական ծառայություններ, ունի 358 մահճակալ կարողություն:
Valley Children’s Healthcare-ն իր տարածաշրջանի առաջին բուժ. հաստատությունն է, որ ստացել է Magnet Nursing՝ ԱՄՆ- ի ամենաբարձր բուժքույրական հենանիշը։
2023թ. Valley Children’s-ը ԱՄՆ-ի խոշորագույն՝ U.S. News and World Report մեդիա ընկերության կողմից հերթական անգամ ճանաչվել է որպես երկրի լավագույն մանկական հիվանդանոցներից մեկը՝ մանկաբուժական յոթ մասնագիտություններով:
Իր 3500 աշխատակիցներով Valley Children’s-ը բարձրորակ, համապարփակ բուժօգնություն է տրամադրում կենտրոնական Կալիֆորնիայի ավելի քան 1,3 միլիոն երեխաների։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ: