Wigmore Women’s & Children’s Hospital
Ե՞րբ է անհրաժեշտ է դիմել մանկական դիմածնոտային վիրաբույժի
Ե՞րբ է անհրաժեշտ է դիմել մանկական դիմածնոտային վիրաբույժի
18 June
Մանկական դիմածնոտային վիրաբույժը զբաղվում է երեխաների դեմքի, ծնոտների, բերանի խոռոչի և հարակից հյուսվածքների հիվանդությունների, վնասվածքների, բնածին արատների և զարգացման խանգարումների ախտորոշմամբ ու բուժմամբ։
Մասնագետի օգնությունը կարող է անհրաժեշտ լինել ոչ միայն վնասվածքների, այլև տարբեր բորբոքային, բնածին և զարգացման խնդիրների դեպքում։ Սակայն ծնողները միշտ չէ, որ գիտեն, թե որ իրավիճակներում է անհրաժեշտ դիմել մանկական դիմածնոտային վիրաբույժի։ Ստորև ներկայացնում ենք ամենահաճախ հանդիպող դեպքերը։

1. Դեմքի կամ ծնոտի վնասվածք
Եթե երեխան ընկել է կամ ստացել հարված դեմքի կամ ծնոտի շրջանում, անհրաժեշտ է մասնագետի գնահատում՝ հնարավոր կոտրվածքները, ճաքերը կամ այլ վնասվածքները բացառելու համար։

2. Ատամի վնասվածք
Եթե վնասվածքի հետևանքով ատամը կոտրվել, տեղաշարժվել կամ ամբողջությամբ դուրս է եկել, կարևոր է հնարավորինս արագ դիմել բժշկի, քանի որ ժամանակին կատարված միջամտությունը կարող է պահպանել ատամը։

3. Դեմքի կամ բերանի շրջանի այտուց
Դեմքի կամ բերանի շրջանի այտուցը, հատկապես եթե այն արագ է մեծանում կամ ուղեկցվում է ցավով, կարող է վկայել բորբոքային գործընթացի կամ այլ խնդրի մասին։

4. Բերանը բացելու դժվարություն կամ ցավ
Եթե երեխան դժվարությամբ է բացում բերանը կամ ցավ է զգում ծնոտը շարժելիս, անհրաժեշտ է պարզել պատճառը և բացառել ծնոտային հոդի կամ հարակից հյուսվածքների ախտահարումները։

5. Թարախային բորբոքում
Դեմքի կամ բերանի շրջանում առաջացած թարախային բորբոքումները (աբսցեսները) պահանջում են ժամանակին ախտորոշում և համապատասխան բուժում՝ բարդություններից խուսափելու համար։

6. Բնածին արատներ
Շրթունքի կամ քիմքի ճեղքվածքը (նապաստակի շրթունք, գայլի երախ) պահանջում է բազմապրոֆիլ մոտեցում, որի կարևոր մասն է դիմածնոտային վիրաբույժի մասնակցությունը։

7. Գոյացություններ կամ կիստաներ
Եթե բերանի խոռոչում կամ դեմքի շրջանում նկատվում է գոյացություն կամ կիստա, անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն՝ դրանց բնույթը պարզելու և բուժման պլանը որոշելու համար։

8. Լեզվի սանձիկի խնդիրներ
Լեզվի կարճ կամ հաստ սանձիկը կարող է խանգարել կերակրմանը, իսկ հետագայում՝ նաև խոսքի զարգացմանը։ Նման դեպքերում կարող է անհրաժեշտ լինել վիրաբուժական միջամտություն իրականացնել։

9. Կենդանու կամ մարդու կծելու հետևանքով առաջացած վերքեր
Նման վնասվածքները պահանջում են բժշկական գնահատում՝ վարակների կանխարգելման, վերքի ճիշտ մշակման և անհրաժեշտ բուժման նպատակով։

10. Ծնոտների զարգացման խանգարումներ և դեմքի անհամաչափություն
Դեմքի անհամաչափությունը, ծնոտների զարգացման խանգարումները կամ ծանր կծվածքային խնդիրները կարող են պահանջել դիմածնոտային վիրաբույժի գնահատում և համալիր բուժման պլանավորում։

Ինչո՞ւ է կարևոր ժամանակին դիմել մասնագետին
Վաղ ախտորոշումն ու ժամանակին բուժումը թույլ են տալիս կանխել հնարավոր բարդությունները, ընտրել առավել արդյունավետ բուժման տարբերակը և ապահովել երեխայի առողջ զարգացումը։ Եթե նկատում եք վերը նշված խնդիրներից որևէ մեկը, խորհուրդ է տրվում չհետաձգել մասնագետի խորհրդատվությունը։