Wigmore Women’s & Children’s Hospital
Գեստացիոն դիաբետ․ ի՞նչ է կարևոր իմանալ ապագա մայրիկներին
24 November 2025
Գեստացիոն դիաբետը առաջին անգամ հղիության ընթացքում հայտնաբերված գլյուկոզի մակարդակի բարձրացումն է։
Գեստացիոն դիաբետը զարգանում է հղիությանը բնորոշ հորմոնալ փոփոխությունների հետևանքով և պահանջում է, ինչպես ապագա մայրիկի, այնպես էլ մասնագետների ուշադրությունն ու վերահսկումը։
Ինչո՞ւ է գեստացիոն դիաբետը զարգանում հենց հղիության ընթացքում
Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը անցնում է խորքային հորմոնալ վերակառուցումների և փոփոխությունների միջով։ Ընկերքը (պլացենտա) սկսում է արտադրել հղիությունն ապահովելու և պահպանելու համար անհրաժեշտ հորմոններ, սակայն այդ նույն հորմոնները կարող են նվազեցնել բջիջների ինսուլինի նկատմամբ զգայունությունը՝ առաջացնելով կայունություն ինսուլինի հանդեպ, ինսուլինառեզիստենտություն։
Որպեսզի օրգանիզմը հաղթահարի այս վիճակը, ենթաստամոքսային գեղձը պետք է արտադրի ավելի շատ ինսուլին։ Եթե այն չի հասցնում բավարար քանակությամբ արտադրել, արյան մեջ գլյուկոզի մակարդակը բարձրանում է՝ առաջացնելով գեստացիոն դիաբետ։
Կարևոր է նշել, որ գեստացիոն դիաբետը ամենևին ապագա մայրիկի մեղքը չէ։ Այն հղիության բնական գործընթացների բավական հաճախ հանդիպող հետևանք է, որը պարզապես պահանջում է աչալուրջ մասնագիտական վերահսկում։

Հղիների համար գլյուկոզի նոր նորմեր․ ինչո՞ւ են դրանք սովորականից ավելի ցածր
Հղիության ընթացքում գործում են գլյուկոզի ավելի ցածր նորմեր։ Պատճառը հետևյալն է․ գլյուկոզը հեշտությամբ անցնում է ընկերքի միջով և կարող է ազդել պտղի զարգացման վրա։ Մոր մոտ գլյուկոզի նորմայից բարձր ցուցանիշները կարող են հանգեցնել խնդիրների ինչպես մոր, այնպես էլ ապագա երեխայի մոտ։
Որոնք են հնարավոր խնդիրները․
- Պտղի մեծ չափերը (մակրոսոմիա);
- ծննդաբերության ընթացքի բարդությունները;
- նորածնի հիպոգլիկեմիայի ռիսկը (մեծ քանակով ինսուլինի պատճառով);
- հղի կնոջ զարկերակային ճնշման բարձրացումը:
Այս ամենից ելնելով միջազգային գործելակարգերը խորհուրդ են տալիս հղիության ընթացքում ավելի խիստ վերահսկել արյան գլյուկոզի մակարդակը և ժամանակին հայտնաբերել ցանկացած շեղում։
Պարտադիր թեստ Հայաստանում․ ի՞նչ է փոխվել
2024 թվականից Հայաստանում բոլոր հղի կանայք պարտադիր պետք է անցնեն օրալ գլյուկոզա-տոլերանտային թեսթ (ՕԳՏԹ)՝ հղիության 24–28 շաբաթում, անկախ նրանից՝ ունեն ռիսկի գործոններ, թե ոչ։
Սա կարևոր քայլ է բարդությունների կանխարգելման ուղղությամբ, քանի որ գեստացիոն դիաբետը շատ հաճախ չի ունենում արտահայտված ախտանիշներ։ Կինը կարող է իրեն լավ զգալ և չկասկածել շաքարի բարձրացման մասին։
ՕԳՏԹ-ը թույլ է տալիս ճշգրիտ հասկանալ՝ արդյոք օրգանիզմը ճիշտ է արձագանքում գլյուկոզի ծանրաբեռնվածությանը։

Ինչո՞ւ է կարևոր ժամանակին հայտնաբերել գեստացիոն դիաբետը
Հղիության ընթացքում գլյուկոզի բարձր մակարդակը կարող է առաջացնել մի շարք բարդություններ․
- պտղի չափերի արագ աճ (մակրոսոմիա),
- ծննդաբերության բարդություններ,
- պտղաջրերի քանակի մեծացում
- նորածնի հիպոգլիկեմիայի ռիսկ,
- բարձրացած ճնշում և պրեէկլամպսիա,
- կեսարյան հատման և վաղաժամ ծննդաբերության հավանականության մեծացում։
Ժամանակին հայտնաբերման և ճիշտ կառավարման դեպքում հնարավոր է այս բոլոր բարդություններից խուսափել։
Գեստացիոն դիաբետի վերահսկում և բուժում
Գեստացիոն դիաբետ ունեցող կանանց մեծ մասը հաջողությամբ կառավարում է արյան մեջ գլյուկոզի մակարդակը՝ ճիշտ սննդակարգի և ֆիզիկական ակտիվության միջոցով։ Եթե այս միջոցները բավարար չեն, կարող է նշանակվել ինսուլին։
Կարևոր է իմանալ․
- ինսուլինը ժամանակավոր է և չի առաջացնում կախվածություն,
- լիովին անվտանգ է պտղի համար,
- նշանակվում է միայն մասնագետի հսկողությամբ։
Կանանց մեծ մասը դադարեցնում է ինսուլինը ծննդալուծումից հետո, երբ գլյուկոզի մակարդակը վերադառնում է նորմայի։

Արդյո՞ք պետք է վերահսկվել ծննդաբերությունից հետո
Հաճախ ծննդաբերությունից հետո գլյուկոզի մակարդակը կայունանում է, վերադառնալով նորմին, սակայն պետք է հիշել, որ գեստացիոն դիաբետի պատմություն ունեցող կանայք ունեն հետագայում 2-րդ տիպի դիաբետի առաջացման բարձր ռիսկ։
Հետևաբար խորհուրդ է տրվում․
- անցնել վերահսկիչ թեստ՝ ծննդաբերությունից 4–12 շաբաթ անց,
- հետագայում սքրինինգ՝ 1–3 տարին մեկ անգամ։
Ինչպե՞ս կարող է Ուիգմորն աջակցել Ձեզ այս փուլում
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի էնդոկրինոլոգների թիմը մասնագիտացած է հղիների մոտ գլյուկոզի խանգարումների կառավարման մեջ։ Մենք առաջարկում ենք․
- ճշգրիտ ախտորոշում,
- էնդոկրինոլոգի և գինեկոլոգի համատեղ հսկողություն,
- անհատական սննդակարգ,
- գլյուկոզի մշտադիտարկման սարքերի կիրառում,
- անհրաժեշտության դեպքում անվտանգ ինսուլինոթերապիա,
- հետծննդյան հսկողություն։
Մեր նպատակն է ապահովել անվտանգ և առողջ հղիություն՝ ապագա մոր և երեխայի համար։


«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական ներզատաբանության ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ՝
https://wigmore.am/hy/wigmore-kanants-ev-erekhaneri-hivandanots/tsarayutyunner/mankakan-nerzatabanutyun
https://wigmore.am/hy/wigmore-kanants-ev-erekhaneri-hivandanots/tsarayutyunner/mankakan-nerzatabanutyun
Last news
26 February
Բնածին արատի շտկում վերականգնողական միջամտություն
24 February
Մանկական օրթոպեդիան գործնականում․ մանկական օրթոպեդիայի միջազգային գիտաժողով
19 February
Հարթաթաթությունից մինչև աճուկային ցավեր․ ե՞րբ գործ ունենք առողջական իրական խնդիրների հետ, իսկ երբ նորմայի
14 February
Պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայություն
09 February
Երեխան կուլ է տվել օտար մարմին․ առաջին օգնությունը
02 February
Գեստացիոն դիաբետ․ պարզաբանում է էնդոկրինոլոգը
21 January
Արգանդի պարանոցի քաղցկեղ․ լիովին կանխարգելելի հիվանդությունը
15 January
Ո՞վ է զարգացման մանկաբույժը և ե՞րբ դիմել մասնագետին
13 January
Նորածինների հանկարծամահության համախտանիշ
07 January
«Մանկաբուժությունը գործնականում». Ուիգմորում ամփոփում են 2025-ի ծավալուն նախագիծը